Մոսկվայում ուղևորների ուղղությամբ կրակած հայ տաքսիստը ձերբակալվել է
Մոսկվայում օրեր առաջ բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է տաքսու վարորդին։ Ուղևորները նախապես պայմանավորվել են գումարի շուրջ, սակայն ավելի ուշ տաքսու վարորդը պայմանավորվածից ավելին է պահանջել: Նրանք վիճել են, որից հետո վարորդը նստել է մեքենան և հեռացել: Կարճ ժամանակ անց նա վերադարձել է ուղևորների մոտ։ Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։
«Դուրս գալով մեքենայից՝ վարորդը վերցրել է ատրճանակն ու կրակել զույգի ուղղությամբ: Վերջիններս թաքնվել են՝ փորձելով փախչել: Բարեբախտաբար, վարորդի կրակոցներից ոչ ոք չի տուժել: Վայրկյաններ անց վարորդը նստել է մեքենան և հեռացել»,- այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։
Ավելի ուշ մայրաքաղաքային ոստիկանությունը ձերբակալել է տաքսու վարորդին, որը Հայաստանի 48-ամյա քաղաքացի է, ժամանակավորապես գրանցված է մերձմոսկովյան Օդինցովո շրջանում: Զենք կրելու թույլտվություն վարորդն ունեցել է:
Նրա նկատմամբ ներկա պահին քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով։