Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը Բաքվում հայտարարել է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է համարում. Ինտերֆաքս Ադրբեջան
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին այսօր Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր կարծիքն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի հետ կապված:
«Իրանը Ղարաբաղն ադրբեջանական տարածք է համարում, աջակցում է և աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանն անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունները և այս հարցում մշտապես կանգնած է Ադրբեջանի կողքին»,- «Ինտերֆաքս Ադրբեջանի» փոխանցմամբ՝ հայտարարել է Բաղերին:
Իրանական զինուժի ղեկավարը նշել է, որ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը կողմ է հանդես գալիս իրանական և ադրբեջանական պետությունների ու ժողովուրդների կապերի հետակա ամրապնդմանը:
Ալիևն, իր հերթին, վստահություն է հայտնել Ադրբեջանի և Իրանի միջև եղբայրական հարաբերությունների հետագա հաջող զարգացման համար:
Այսօր Բաքվում իրանցի պաշտոնյան հանդիպում է անցկացրել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: