Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևեց 4 ժամ, եղավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում. ՀՀ ԱԳՆ (տեսանյութ)
Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Տեղի ունեցավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան
խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:
Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական,
նպատակաուղղված շփումները: