Լավրովը՝ Brexit-ի հարցում ՌԴ-ի դիրքորոշման մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները, ոչ միայն Brexit-ը, ազդելու են Եվրամիության գործելակերպի վրա, և Ռուսաստանի համար կարևոր է իմանալ, թե այդ ամենն ինչպես կանդրադառնա իրենց հետ հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ, Լավրովը հրաժարվել է մեկնաբանել, թե Ռուսաստանի համար Brexit-ի հարցում որ տարբերակն է ավելի ձեռնտու:
«Խոսել այն մասին, թե որ տարբերակն է մեզ հետաքրքիր, դա այնպիսի հոգեբանություն է, որը բնութագրում է այն երկրներին և այն քաղաքական գործիչներին, ովքեր ցանկանում են միջամտել և ուղղորդել այլ երկրներում տեղի ունեցող գործընթացները: Մենք դրանով չենք զբաղվում»,- նշել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը բերել է Մակեդոնիայի օրինակը, որին անվանափոխության դիմաց առաջարկել են ընդունել ՆԱՏՕ: Լավրովը նաև բերել է Գերմանիայի օրինակը, որտեղ ԱՄՆ դեսպանը փորձել է պատժամիջոցների սպառնալիքով ազդել գերմանական ընկերությունների դիրքորոշման վրա՝ կապված «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության հետ:
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Ռուսաստանի շահերից է բխում միասնական, ուժեղ և կարևորը՝ ինքնուրույն Եվրոպական միություն ունենալը: