Մոսկվայում կկառուցվի առաջին հայ կաթողիկե եկեղեցին
Մոսկվայի քաղաքային իշխանությունները հայ կաթողիկե եկեղեցի կառուցելու համար հողատարածքն արդեն հատկացրել են համայնքին:
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի՝ հունվարի 11-ին Ռուսաստան կատարած այցից հետո Մոսկվայի քաղաքային իշխանությունները հրապարակել են տեղեկատվություն այն մասին, որ քաղաքապետարանի քաղաքաշինական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել եկեղեցու կառուցման համար հայ կաթողիկե համայնքին հողատարածք հատկացնելու առաջարկին:
Հողատարածքը գտնվում է Մոսկվայի Հարավային Բուտովո շրջանում, ունի 7 հազար քառակուսի մետր մակերես: Եկեղեցու ընդհանուր մակերեսը կարող է կազմել մինչև 1000 քմ, իսկ հոգևոր կենտրոնը՝ մոտ 850 քմ:
Նոր կառուցվելիք եկեղեցին կլինի Մոսկվայի առաջին հայ կաթողիկե եկեղեցին ողջ պատմության ընթացքում: Ըստ պաշտոնական տվյալների՝ Մոսկվայում այժմ ապրում է մոտ 500 կաթոլիկ հայ ընտանիք, իսկ ամբողջ Ռուսաստանում հայ կաթոլիկների թիվը մոտ 100 000 է: