Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագիրը
Բրիտանացի խորհրդարանականները մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ գործարքը։
Վճռորոշ քվեարկության ժամանակ 432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որը հավանության էր արժանացել Լոնդոնի և Բրյուսելի կողմից 2018 թվականի նոյեմբերին՝ 1․5 տարի շարունակված բանակցություններից հետո։ Գործարքին կողմ է քվեարկել 202 պատգամավոր։
Այդպիսով՝ Լոնդոնն ուղի է բացել իրադարձությունների զարգացման մի ողջ շարք հնարավոր սցենարների համար, այդ թվում «կոշտ» Brexit-ի (առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալը) կամ Brexit-ի չեղարկման համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
2019 թվականի մարտի 29-ին ԵՄ-ն հանգիստ լքելու շանսեր այժմ գրեթե չկան։
Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը խորհրդարան է ներկայացրել կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ առաջարկ, որը կքննարկվի այսօր։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային հնարավորինս արագ ուրվագծել հետագա քայլերը քվեարկության նման ելքից հետո։