Հրապարակվել է ՌԴ վարչապետի՝ կառավարական Aurus լիմուզինով առաջին ուղևորության տեսանյութը (տեսանյութ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն սկսել է երթևեկել «Կորտեժ» նախագծի Aurus լիմուզինով: Այդ մեքենայով առաջին ուղևորության տեսանյութը հրապարակվել է ՌԴ կառավարության յութուբյան ալիքում:
Aurus Senat լիմուզինն առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է ՌԴ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: Այդ օրը Վլադիմիր Պուտինը նոր մեքենայով շուրջ 200 մետր տարածք էր անցել:
Ինչպես ներկայացնում է motor.ru-ն, սովորական սեդանի դեբյուտը կայացել է օգոստոսին Մոսկվայի ավտոսրահում: Ավելի ուշ «Կորտեժ» շարքը կհամալրվի նաև մոտոցիկլետով և «ազգային ամենագնացով»:
Aurus-ի բոլոր մոդելները համալրված են լիաքարշակ համակարգով: Մեքենաները զինված են հիբրիդային ուժային համակարգով, որի կազմում ներառված են 4,4 լիտր ծավալային V8 շարժիչը՝ 598 ձիաուժ հզորությամբ, 40 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչը և 9 աստիճան ավտոմատ փոխանցման տուփը:
Aurus Senat սեդանը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ: Արտադրության հանձնված սեդանների համար արդեն պատվերներ են ընդունվում, իսկ նախնական գնահատմամբ մեքենայի միջին արժեքը կկազմի 10 մլն ռուբլի: