Իսպանիայում 200 մարդու են ձերբակալել աքլորների մարտերի ժամանակ
Իսպանիայի Մուրսիա ինքնավար համայնքի Սանգոներա Լա Վերդե ավանում արշավ է իրականացվել՝ ուղղված աքլորների անօրինական մարտերի դեմ:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, արշավի ընթացքում 200 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Ֆրանսիայի, Պորտուգալիայի քաղաքացիներ և Իսպանիայի տարբեր շրջանների բնակիչներ:
Հատուկ գործողություններին շուրջ հարյուր գործակալ է մասնակցել մի քանի նահանգներից: Նրանք ներխուժել են գյուղական տներից մեկը, որտեղ հավաքված են եղել անօրինական զվարճանքի սիրահարները:
Ոստիկանությունն առգրավել է խաղադրույքների համար նախատեսված ընդհանուր առմամբ 100 000 եվրո գումարը: Բացի դրանից, տանը թմրանյութեր, սառը զենք և հրազեն է հայտնաբերվել:
Ձերբակալվածներից 90-ին ազատ են արձակել՝ ներկայանալու պարտավորությամբ: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: