Պուտինն ու Էրդողանը ծրագրում են հանդիպել հունվարի 23-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ կարող է հունվարի 23-ին հանդիպում ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Ամենայն հավանականությամբ կհանդիպենք ամսի 23-ին: Մենք կհանդիպենք դեմառդեմ: Բացի այդ՝ ունենք նաև եռակողմ հանդիպում Սիրիայի հարցով. հարգելի Պուտինը, ես և Ռոհանին: Սակայն հստակ ամսաթիվ դեռ չկա», - ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ սպասվող հանդիպումը:
Հիշեցնենք, որ նույն ելույթի ընթացքում Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի տնտեսությունը պատժամիջոցներով «ոչնչացնելու» մասին սպառնալիքներն ու դրան հետևած նրանց հեռախոսազրույցը, նշել է, որ Թրամփի խոսքերը «տխրեցրել» են իրեն: Էրդողանը նշել է, որ դրանից հետո իրենք բավականին դրական հեռախոսազրույց են ունեցել Թրամփի հետ՝ հույս հայտնելով, որ այդպիսով եկել են պատմական կարևորություն ունեցող փոխըմբռնման: