Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումն առանց միջադեպերի է անցել
Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 15-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
Արցախի ԱԳՆ մամաուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: