Մակրոնը բաց նամակ է հղել ֆրանսիացիներին՝ սկիզբ դնելով համազգային բանավեճի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բաց նամակ է հղել իր երկրի քաղաքացիներին: Մակրոնը ֆրանսիացիներին կոչ է արել մասնակցել համազգային բանավեճի, որտեղ կքննարկվեն երկրի ապագային վերաբերող կարևորագույն հարցեր: Ֆրանսիայի քաղաքացիները կարող են բանավեճին մասնակցել ինչպես համացանցի միջոցով, այնպես էլ քաղաքապետարաններում և գյուղապետարաններում: Բանավեճի ընթացքում կքննարկվեն հարկերը, հանրային ծախսերը, պետական և հանրային ծառայություների կազմակերպումը, բնապահպանությունը, ժողովրդավարությունը:
«Ինձ համար չկան արգելված հարցեր: Մենք բոլոր հարցերի շուրջ համաձայնության չենք գա, և դա նորմալ է, դա է ժողովրդավարությունը: Համենայնդեպս, մենք ցույց կտանք, որ այնպիսի ազգ ենք, որը չի վախենում խոսել, կարծիքներ փոխանակել, քննարկել», – նշված է Մակրոնի՝ 2300 բառից բաղկացած նամակում:
Քննարկումները կտևեն 3 ամիս՝ մինչև մարտի 15-ը: Մակրոնը խոստացել է դրանց ավարտից հետո 1 ամսվա ընթացքում ներկայացնել իր եզրահանգումները:
Էմանուել Մակրոնը նման քայլի է դիմում, որպեսզի հանդարտեցնի «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: