Եվրամիությունը կողմ է «Ռուսալ» ընկերության վրայից պատժամիջոցները հանելու մտադրությանը. կշահի նաև Հայաստանը
Միացյալ Նահանգներում Եվրամիության մշտական ներկայացուցչությունը նամակ է ուղարկել երկրի Ֆինանսների նախարարություն, որով իր գոհունակությունն է հայտնել այն բանի համար, որ Նահանգները մտադիր են պատժամիջոցները հանել ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից, փոխանցում է ռուսական RT լրատվական կայքը։
Խոսքն ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկայի մասին է, որը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում։
Եվրոպական առաջատար պետությունների դեսպանների ստորագրությամբ ուղարկված նամակում նշվում է, որ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը պետք է նվազեցվի այն ընկերությունների մասով, որոնք համագործակցում են եվրոպական շուկայի հետ, և այդ ընկերություններից մեկն էլ «Ռուսալն» է։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ գանձապետարանը որոշել է հանել ռուսական «Ռուսալի» և դրա սեփականատեր «En+» ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները, որովհետև այդ ընկերությունները կառավարման ոլորտի որոշակի փոփոխություններ են արել։ Արդյունքը զգալի է լինելու «Ռուսալի» հայկական մասնաճյուղի՝ «Արմենալ» ընկերության վրա, որը խոշորագույն հարկատուներից է Հայաստանում։
Խնդիրն այն է, որ «Ռուսալ» և «En+» ընկերությունները պատժամիջոցների տակ էին հայտնվել դրանց սեփականատիրոջ՝ ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկայի պատճառով։ Ամերիկյան գանձապետարանը նշում է, որ հենց ընկերությունների մասով որևէ խնդիր չկա, խնդիրը դրանց սեփականատիրոջ մեջ է։
Reuters-ին արդեն հայտնի է դարձել, որ «կառավարման ոլորտի փոփոխություններ» կոչվածն այն է, որ ընկերությունները հանձնվելու են հավատարմագրված կառավարման, և Դերիպասկան որևէ կերպ չի ազդելու ընկերությունների աշխատանքի վրա։ Միջազգային գործակալության աղբյուրների տեղեկության համաձայն՝ սա եղել է այն պայմանը, որի շուրջ համաձայնության են եկել պատժամիջոցներն ընդունողն ու ընկերությունը։
Այս ամբողջ գործընթացից զգալի շահելու է «Ռուսալ»-ի հայկական մասնաճյուղը՝ «Արմենալ» ընկերությունը։ Բանն այն է, որ պատժամիջոցների կիրառումից հետո այս ընկերության շահույթը, ըստ ամենայնի, նվազել էր։
«Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջե է փոխանցել 667.6 միլիոն դրամ հարկ ու տուրք, ինչը 31.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2017թ․ առաջին կիսամյակում «Ռուսալ Արմենալ»-ը վճարել էր 969.9 միլիոն դրամ)»,- բացահայտել էր «Ազատություն» ռադիոկայանը։
Ընկերությունն արտադրում է տարեկան ավելի քան 30 հազար տոննա նրբաթիթեղ, որն արտահանվում է ԱՄՆ։ Հենց այս պատճառով էլ պատժամիջոցները կարող էին նվազեցնել արտահանումը։ Ենթադրվում է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո (քաղաքական որոշումը կա, գործնականում կիրագործվի 30 օրվա ընթացքում) հայկական ընկերությունը որոշակիորեն կվերականգնի իր դիրքերն ամերիկյան շուկայում։