Ինչպե՞ս մոսկովյան մետրոն Wifi ունեցավ՝ շնորհիվ հայ գործարարի
Մոսկվայի մետրոյի ինտերնետաֆիկացումն սկսվել է 2013 թվականին, ու դրանով Ռուսաստանի մայրաքաղաքը դարձել է առաջին քաղաքը, որի մետրոն ունի անվճար wifi ցանց, բայց դա անհնարին կլիներ, եթե հայ գործարարի «մատը խառը չլիներ»։
Ռուսաստանում ծնված ու գործունեությունը հենց այնտեղ ծավալած Սերգեյ Ասլանյանը հսկայական դեր ունի այս ամենում։ Ի սկզբանե կիրառական մաթեմատիկայի ոլորտում մասնագիտություն ստացած հայ գործարարը 1997-2007 թվականներին սրընթաց վերելքի շնորհիվ հայտնվեց ռուսական «ՄՏՍ» ընկերության ՏՏ բաժանմունքի փոխնախագահի, ապա նաև «Սիթիլինքս» ընկերության ղեկավարի պաշտոնում (այս ընկերությունը մտնում է «Սիստեմա» համընկերության մեջ, որը կապվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հետ)։
2013 թվականին հայ գործարարն իր գործընկերների հետ գնեց «Մաքսիմա Տելեկոմ» ընկերությունը, որը նույն տարվա ընթացքում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց ու Մոսկվայի մետրոյում wifi ցանց անցկացնելու հնարավորություն ստացավ։ Ընկերությունը միակն է, որ համաձայնել էր մոսկովյան իշխանությունների առաջադրած պայմաններին, ու հենց այդ տարվա սեպտեմբերին առաջին կայարանում անցկացրեց ինտերնետի անլար կապի ցանց։
Ընկերության հետ պայմանագիրը կնքվել էր 15 տարով, սակայն շուտով այն ինտերնետաֆիկացրեց ամբողջ մոսկովյան մետրոն՝ ընդունիչներ տեղադրելով յուրաքանչյուր 400-900 մետր հեռավորությամբ տեղամասում, և հիմա ընդամենը սպասարկում է այդ ցանցը՝ առանց զգալի ներդրումների։
Այս հաջողությունից հետո հայ գործարարի մասնաբաժնով ընկերությունը հրավեր ստացավ նաև Սանկտ Պետերբուրգի մետրոն ինտերնետաֆիկացնելու համար, իսկ առաջիկայում մտադիր է դուրս գալ միջազգային շուկա։