10 տարի վեգետատիվ վիճակում գտնվող կինը երեխա է ծնել
Կինը, որն արդեն 10 տարի գտնվում է վեգետատիվ վիճակում, երեխա է ծնել։ Դա տեղի է ունեցել Hacienda կլինիկայում, որը պալիատիվ օգնության ծառայություններ է մատուցում եւ գտնվում է Արիզոնայի նահանգի Ֆինիքս քաղաքից ոչ հեռու, որտեղ պացիենտը գտնվում է ահա արդեն քանի տարի։
Ինչպե՞ս կարող էր շարժվել եւ շուրջը կատարվող իրադարձությունները չգիտակցող կինը հղիանալ։ Հարցի պատասխանը պետք է տա ոստիկանությունը. մասնագետներն արդեն վերցնում են այն տղամարդկանց ԴՆԹ նմուշները, որոնք աշխատում են այդ կլինիկայում։
Կինը, որի անունը չի նշվում, ավելի քան 10 տարի առաջ քիչ է մնացել խեղդվի ջրում։ Նրան փրկել են, բայց ուղեղը անդառնալիորեն վնասվել է։ Վերջին 10 տարին նա մշտական խնամքի կարիք է ունեցել եւ գտնվել է կոմային մոտ վիճակում։
Նրա սենյակը հասանելի է եղել բուժհաստատության շատ աշխատակիցների համար, բայց առայժմ հայտնի չէ, թե ով է դարձել նրա հղիության «մեղավորը»։
Ոստիկանությունը սկսել է բռնաբարության փաստով հետաքննության անցկացումը, ներկայում կլինիկայի աշխատակիցների ԴՆԹ նմուշներն են վերցնում՝ գտնելու համար երեխայի հորը։ Հետաքրքիր է, որ ոչ բոլոր տղամարդիկ են համաձայնել ինքնակամ տալ իրենց ԴՆԹ նմուշները. ոստիկանները ստիպված էին հրաժարվածների ԴՆԹ-ն վերցնելու օրդեր ստանալ։
«Ընտանիքը զայրացած է, ցնցված այն բանից, որ իրենց աղջիկը ենթարկվել է բռնության։ Երբ սիրելի մարդուն պալիատիվ օգնություն են ցուցաբերում, երբ նա առավել խոցելի է եւ կախված ուրիշներից՝ ստիպված ես վստահել նրա խնամատարներին։ Ցավոք, դրանցից մեկին վստահել չէր կարելի, նա օգտվել է աղջկանից, եւ այն բանից, որ նրան բավականաչափ ուշադրություն չեն հատկացրել կլինիկայում», - լրագրողների հետ զրույցում ասել է տուժածի հարազատների փաստաբանը։
Պացիենտի ընտանիքի անդամները հրապարակային հայտարարություններ չեն արել։ Սակայն իրավաբաններին տեղեկացրել են, որ ծնված երեխան կընդունվի հարազատի պես, եւ նա կունենա «սիրող ընտանիք, որտեղ նրան հոգ կտանեն»։
Նշենք, որ մանկիկը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 29-ին։ Սկզբում նա չէր շնչում, բայց բժիշկներն արել են ամեն բան, որպեսզի երեխան ապրի, եւ հիմա նա գտնվում է բուժանձնակազմի հսկողության տակ։