Ծույլերի մասին Մակրոնի խոսքերը զայրացրել են քաղաքական գործիչներին
Ընդդիմությունը Ֆրանսիայում շաբաթ օրը կտրուկ քննադատության է ենթարկել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին «ծույլերի» մասին նրա արտահայտությունների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով France Info ռադիոկայանին, Le Figaro թերթին եւ Agence France-Presse-ին։
Մակրոնը ուրբաթ երեկոյան Ելիսեյան պալատում ամենամյա ընդունելություն էր կազմակերպել հացթուխների եւ հրուշակագործների համար, որոնք Քրիստոսի հայտնության օրը ավանդական «արքաների կարկանդակ» էին թխել։ Ելույթ ունենալով նրանց առջեւ՝ նախագահը, մասնավորապես, ասել է. «Մեր երիտասարդությունը կարիք ունի, որպեսզի նրան մասնագիտություններ սովորեցնեն, ինչպես նաեւ վարժեցնեն այն մտքին, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի կյանքում ինչ-որ բանի հասնեն։ Այն անկարգությունները, որոնք ներկայում տեղի են ունենում մեր հասարակությունում, հաճախ կապած են այն բանի հետ, որ չափից ավելի շատ քաղաքացիներ են կարծում, թե կարելի է ամեն ինչի հասնել՝ աշխատանքում պատշաճ ջանքեր չգործադրելով»։
«Չափից ավելի հաճախ են մարդիկ մոռանում, որ բացի այն կանոններից, որոնցից նրանք օգտվում են Ֆրանսիայի Հանրապետությունում, իսկ դրանք բնավ քիչ չեն, քան շատ այլ երկրներում, կան նաեւ քաղաքացիների պարտավորություններ»,- հավելել է պետության ղեկավարը։
Հայտարարությունն արվել է իններորդ համազգային բողոքի օրվա սկսվելուց մի քանի ժամ առաջ, որը Ֆրանսիայում անցկացնում են «դեղին բաճկոնները»։ Նրանք դժգոհ են գների ու հարկերի մշտական ավելացումից, աղքատության դեմ պայքարի անբավարար միջոցներից։ Մակրոնի արտահայտությունները «մեծամիտ արքայական հիմարություն» է անվանել Ազգային ժողովի «Չմիացած Ֆրանսիա» շարժման պատգամավոր Ալեքսի Կորբիերը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում։ Նա ընդգծել է, որ այդ կերպ նախագահը հասկանալ է տալիս, որ «այն մարդիկ, ովքեր փողոց են դուրս գալիս, նրանք, ովքեր աջակցում են«դեղին բաճկոններին», վատ են աշխատում իրենց կյանքում»։
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության քարտուղար Օլիվիե Ֆորը Թվիթերում գրել է. «Երբ նման բան ես լսում, տպավորություն է ստեղծվում, թե դա մի ինչ-որ կեղծ տեղեկություն է եւ որ երկրի նախագահը պարզապես չի կարող այդ կերպ յուղ լցնել կրակին այն պահին, երբ երկրում այդքան ուժեղ լարվածություն է տիրում։ Բայց հետո համոզվում ես՝ այո, իսկապես, նա այդպես ասաց»։