Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսականն առաջադրվելու է երկրի նախագահի պաշտոնում
Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրվել ԱՄՆ Հավայի նահանգից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբբըրդը, որը երկու տարի առաջ այցելել է Արցախ։ Նա իր առաջադրման մասին հայտնել է հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ու խոստացել է պաշտոնապես առաջադրվել մյուս շաբաթ։
Կոնգրեսականը Հայաստան ու Արցախ այցելել է 2017 թվականին, Ստեփանակերտում հանդիպել է արցախյան իշխանությունների հետ, դատապարտել է Ադրբեջանի՝ արցախյան հակամարտության գոտում ապակայունացման քաղաքականության համար։ Թուլսի Գաբբըրդը նաև հայտարարել է, որ հպարտ է Կոնգրեսում ներկայացնել Հավայի նահանգը, որը ճանաչել է Արցախի անկախությունը։
Կոնգրեսականը Իրաքի պատերազմի վետերան է ու դեմ է հանդես գալիս այլ պետությունների ներքին գործերին խառնվելու ամերիկյան քաղաքականությանը։ 2017 թվականին նա քննադատության է արժանացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման համար։ Այդ հանդիպումը մեկնաբանելով՝ նա հայտնել է, որ հանդիպումը նախապես կազմակերպված չի եղել, բայց քանի որ ստեղծվել է հանդիպելու հնարավորություն, ինքը չի հրաժարվել։