Թուրքիայում 70 տարվա մեջ առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի կկառուցվի
Թուրքիայի իշխանությունները թույլտվություն են տվել վերջին 70 տարում երկրի տարածքում առաջին քրիստոնեական եկեղեցու կառուցման համար:
Ինչպես նշում է iz.ru-ն, եկեղեցին կառուցվելու է Ստամբուլում ու պատկանելու է Սիրիայի Հակոբիկյան եկեղեցուն (Ասորական ուղղափառ եկեղեցուն):
Մոր Գաբրիել վանքի հիմնադրամի ղեկավար Կուրյակոս Էրգյունը մանրամասնել է, որ 1950թ. հարավարևելյան Մարդին նահանգում քրիստոնեական եկեղեցու կառուցումից ի վեր սա լինելու է առաջին նմանօրինակ կրոնական հաստատությունը երկրում:
Սուրբ Եփրեմի եկեղեցու հիմնաքարը դրվելու է փետրվարին, մինչդեռ ամբողջ շինարարությունն ավարտվելու է երկու տարուց: Եկեղեցին կառուցվելու է ասորական համայնքի միջոցներով:
Էրգյունը մանրամասնել է, որ եկեղեցու կառուցումն անհրաժեշտ է, քանի որ մոտ 30 000 ասորի բնակիչ ունեցող Ստամբուլի համար միայն Սուրբ Աստվածամայր եկեղեցին բավական չէ: