Ռուսաստանը կարող է զգուշացումից հետո խոցել ուղևորատար ինքնաթիռները, եթե նրանք ապօրինի հատեն սահմանը․ նախագիծ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել, որով կասեցնելու է 25 տարի գործող սահմանափակումը և անհրաժեշտության դեպքում կարողանալու է զգուշացումից հետո խոցել ուղևորատար ինքնաթիռները, որոնք ապօրինի հատում են երկրի սահմանները ու չեն ենթարկվում ռուսական կողմի հրահանգներին։
Այս նոր կարգավորման համաձայն՝ եթե ուղևորափոխադրող ինքնաթիռը ապօրինի հատում է Ռուսաստանի սահմանը, օդ են բարձրանում Ռուսաստանի զինված ուժերի ինքնաթիռները։ Դրանց օդաչուները որսում են քաղաքացիական ինքնաթիռը, առնում են նշանառության տակ ու օդաչուին ռադիոկապով ու նաև ժեստերով զգուշացնում՝ իջեցնել ինքնաթիռը կամ դուրս բերել Ռուսաստանի օդային տարածքից։
Եթե օդաչուն չի ենթարկվում, ռազմական ինքնաթիռները նախազգուշական կրակ են բացում։ Եթե այդ դեպքում էլ քաղաքացիական ինքնաթիռի օդաչուները չեն ենթարկվում, ռուսական կողմն արդեն իրեն իրավասություն է վերապահելու խոցել այդ ինքնաթիռը։