Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահների մոտ է
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ՌԴ իրավապահ մարմինների մոտ է: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը նշեց, որ իրենք հիմա զբաղվում են այդ հարցով:
«Նա իրավապահ մարմինների մոտ է, գործընթացն ընթանում է, բայց որևէ տեղեկություն չկա դեռ»,- ասաց նա:
Տողանյանն ասաց, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հստակ ժամկետներ չկան:
«Դա երեկ է տեղի ունեցել, մենք կապի մեջ ենք իրավապահ մարմինների հետ, գիտեմ, որ մեր կոլեգաներն էլ Ղազախստանում են զբաղվում: Որևէ այլ տեղեկություն այս պահին չկա»,- նշեց դեսպանը:
Նա հայտնեց, որ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու ժամանակ իրենք ևս ներկա պետք է լինեն:
«Դա երկար իրավական գործընթաց է, մենք հետևում ենք իրավիճակին»,- ասաց նա:
Ղազախական լրատվամիջոցները գրում էին, որ Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկը փախել էր Ռուսաստան, հայտնաբերվել ու ձերբակալվել, այնինչ Գուրուրյանը դեռ օրեր առաջ ուղերձ էր հղել՝ հայտնելով, որ պատրաստ է հանձնվել:
Նարեկ Գուրուրյանի քեռին հայտնել էր, որ նա ինքնակամ է հանձնվել, ինչն ավելի ուշ հաստատվել էր: ԱԳՆ-ից տեղեկացրել էին, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության տվյալներով` Նարեկ Գուրուրյանն անձամբ է ներկայացել Օմսկ քաղաքի իրավապահ մարմիններին, որտեղ էլ ձերբակալվել է: Օմսկում նա իր հարազատների մոտ էր:
ՌԴ իրավապահ մարմիններում որոշվում է նրա հավանական արտահանձնման հարցը: Իրավիճակին հետևում է նաև Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: