«Ադրբեջանական ազգանունով» հայ ընտանիքն արտաքսվել է Հայաստան
Գերմանական «Wormser Zeitung» պարբերականը հոդված է հրապարակել Գերմանիայից հայ ընտանիքի արտաքսման մասին, որը դիմել է միգրացիոն ծառայություն, որպեսզի փախստականի կարգավիճակ ստանա:
Rusarminfo-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ երեք անչափահաս երեխա ունեցող հայ ընտանիքը (անդամների իրական ազգանուններն են Մկրտչյան և Խալաթյան) ներկայացել է որպես Հասանով՝ Գերմանիայում բնակության թույլտվություն ստանալու գործընթացն արագացնելու նպատակով:
«Ընտանիքը հույս է ունեցել, որ գերմանական ծառայությունների հարցումը Ադրբեջանում կամ Հայաստանում անպատասխան կմնա, քանի որ այդպիսի անուն-ազգանուններ գոյություն չունեն»,- գրում է գերմանական պարբերականը:
Նշվում է նաև, որ ընտանիքի հետ միասին Վորմս քաղաքում տարեց կին է բնակվելիս եղել, որը ներկայացել է որպես ընտանիքի տատիկ, սակայն իրականում նրանց ազգականը չի եղել:
Աղբյուրի տվյալներով՝ Գերմանիայից արտաքսված ընտանիքը ներկայում Հայաստանում է գտնվում և բնակվում է ազգականների մոտ: