Մենք ՌԴ նախագահի հետ միանշանակ հստակեցրել ենք, որ ներկայում միավորման մասին հարցն օրակարգում չկա. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության միավորման վերաբերյալ շրջանառվող լուրերը «հիմար են ու չափազանցված»:
Ինչպես նշում է belta.by-ն, Լուկաշենկոն այս մասին ասել է 2019թ. երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և ինտեգրացիոն ուղղությունների հետագա զարգացման մոտեցումների վերաբերյալ քննարկման ժամանակ:
«Ներկայում շատ են խոսակցությունները երկու պետությունների միավորման վերաբերյալ: Ես դա համարում եմ շատ հիմար, չափազանցված քննարկումներ, որոնք տեղ են գտնում մեր հասարակությունում»,-ասել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ երկու պետությունների միավորման մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Մենք ՌԴ նախագահի հետ միանշանակ հստակեցրել ենք, որ ներկայում միավորման մասին հարցն օրակարգում չկա»,-շարունակել է Լուկաշենկոն:
Նա հիշեցրել է, որ ժամանակին Մինսկն ու Մոսկվան ստորագրել են Միութենական պետության ստեղծման մասին համաձայնագիր, սակայն Ռուսաստանն ավելի ուշ հրաժարվել է այդ ճանապարհով գնալ:
«Ես այդ մասին հիշեցրի ՌԴ նախագահին, և նա ասաց. «Այո, հենց այդպես էլ եղել է»: Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ ենք անելու այդ համաձայնագիրը: Պետք է սեղանի շուրջ նստել ու հասկանալ՝ ինչ ենք կարող միասին անել փաստաթղթի շրջանակում»,- նշել է Լուկաշենկոն:
Բելառուսի ղեկավարն իր խոսքում նաև ասել է, որ Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության միությունը կարող է զարգանալ միայն իրավահավասար հիմքի վրա, քանի որ միայն այդ դեպքում այն կարող է գործել:
«Միություն ձևավորելու հարցում մենք պետք է հաշվի առնենք մեր ժողովուրդների կամքը: Ուստի՝ բազմաթիվ պատճառներով, ինչպես հասկանում եք, երկու պետությունների միավորման մասին խոսք լինել չի կարող: Ի դեպ, Ռուսաստանն ինքն էլ չի կարող նման քայլի գնալ, ինչն էլ հաստատել է Պուտինը: Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ պետք է հանդարտվել ու վերջ տալ խոսակցություններին այն մասին, որ ինչ-որ մեկը մյուսին ճնշում է: Այստեղ ոչ ոք ոչ ոքի չի ճնշում»,- ասել է երկրի ղեկավարը: