Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ
Հունվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, միասնական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորել է Նորին Սրբությանը բերկրաշատ տոների առիթով` վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը՝ իբրև մեկ ընտանիք, համախբված Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ, նոր տարում շարունակելու է իր գործուն նպաստն ու ներդրումը բերել Ս. Էջմիածնի առաքելության իրականացման սրբազան գործում:
Պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք է ուղղել նաև Մայր Աթոռի երիցագույն աշխատակիցներից տիար Նորայր Խաչատրյանը: Վերջինս ընդգծել է, որ Վեհափառ Հայրապետի 20-ամյա գահակալության տարիներին հետևողական կերպով իրագործվել են բազմաթիվ ծրագրեր քարոզչական, կրթական, սոցիալական և եկեղեցաշինության ոլորտներում: Պրն. Խաչատրյանը Նորին Սրբությանը բարեմաղթել է ուժ, եռանդ և հաստատակամություն ազգի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար:
Այնուհետև Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորել է և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը, իր ուրախությունը հայտնելով ավանդական դարձած հանդիպման կապակցությամբ, իր շնորհակալությունն ու գնահատանքն է հայտնել Մայր Աթոռի աշխատակազմին նվիրյալ ծառայության համար, որի շնորհիվ արդյունավորվում է Ս. Էջմիածնի առաքելությունը, պայծառանում Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը:
Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել տարվա ընթացքում նախանշվող կարևոր ծրագրերին: Մասնավորապես, 2019 թվականը Ընտանիքի տարի հռչակելու առիթով Մայր Աթոռի կողմից կանցկացվեն հասարակության մեջ ընտանիքի արժևորման, ընտանեկան արժեքների և ամրության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Նորին Սրբությունը տեղեկացրել է ընթացիկ տարում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, Մայր Տաճարի ու Վեհարանի հիմնանորոգության աշխատանքների և եկեղեցական նոր ծրագրերի մասին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ իրենց կյանքում: