Վանաձորի 20 գրադարանավարներ դիմել են ՀՀ վարչական դատարան
Վանաձորի 20 գրադարանավարներ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելու իրենց աշխատանքից ազատելու համար, ի թիվս այլ հիմքերի, հիմք հանդիսացած Վանաձորի ավագանու 2017թ. ապրիլի 18-ի թիվ 18-Ա որոշման 1.1 կետը:
Գրադարանավարների հայցը 2018թ. դեկտեմբերի 18-ին դատարան է ներկայացրել նրանց ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:
«Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը գրադարանավարների հետ աշխատանքային պայմանագրերը լուծել է 2017 թ. հունիսի 26-ին՝ ի թիվս այլ հիմքերի՝ հիմք ընդունելով նաև Վանաձորի ավագանու՝ 2017թ. ապրիլի 18-ի թիվ 18-Ա որոշման 1.1 կետը: Վանաձորի ավագանին որոշման այդ կետով սահմանել է ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը և ըստ դրա՝ հայցվոր գրադարանավարների հաստիքները կրճատվել են:
Դատարան ներկայացրած հայցում նրանց ներկայացուցիչ Արայիկ Զալյանը նշել է, որ Վանաձորի ավագանու՝ 2017թ. ապրիլի 18-ի նիստը իրավազոր չի եղել, քվորում չի ապահովվել:
Դա հիմնավորել են ՀՀ Սահմանադրական դատարանի 2017թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ, որով Սահմանադրական դատարանը պարտադիր է համարել կոլեգիալ մարմնի կողմից որոշում կայացնելու համար բազմակարծության ու այնպիսի թվաքանակի ապահովումը, որը կերաշխավորի որոշում կայացնելու կարողունակությունը: Եվ այդ հիմնավորմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը իր՝ 2017թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել Վանաձորի ավագանու՝ 2017թ. մարտի 31-ի մի շարք որոշումներ:
Վանաձորի ավագանու՝ 2017թ. ապրիլի 18-ի՝ վերոնշյալ որոշումը ևս կայացվել է նույն կազմով՝ առանց քվորումի, բազմակարծության ու իրավազորության ապահովման: Այսինքն՝ Վանաձորի ավագանին որոշում է կայացրել՝ որոշում կայացնելու իրավասություն չունենալով:
Այս հիմնավորումներով Ա. Զալյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել 2017թ. ապրիլի 18-ի թիվ 18-Ա որոշման 1.1 կետը:
Հայցն արդեն վարույթ է ընդունվել: Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում առաջին դատական նիստը նշանակվել է 2019թ. մարտի 12-ին՝ ժամը 11:00-ին:
Գրադարանավարներն իրենց ներկայացուցիչների միջոցով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցով պահանջում են նաև հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում գտնվելու համար իրենց աշխատավարձը: Այդ հայցը ևս վարույթ է ընդունվել: