Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, հանդիպել ծնողներին (լուսանկարներ)
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը զորակոչի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Դավիթ Տոնոյանը զրուցել է հավաքակայանում գործող բժշկական հանձնաժողովի անդամների հետ, հանձնարարել մանրամասն ուսումնասիրել զինակոչիկների անձնական գործերն ու փաստաթղթերը, մեծ ուշադրություն դարձնել զինակոչիկների առողջական խնդիրներին և ընդունել անհրաժեշտ որոշումներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորակոչային բոլոր սրահներում, զրուցել դասակարգման խմբի սպաների և զինակոչիկների հետ, պատասխանել նրանց հարցերին և խաղաղ ծառայություն մաղթել հայկական բանակի շարքերը համալրողներին։
Դավիթ Տոնոյանը հետևել է նաև վիճակահանության ընթացքին, հանդիպել զինակոչիկների ծնողների հետ, զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունն ամեն ինչ անում է զորակոչի գործընթացն արդար ու թափանցիկ անցկացնելու համար։