Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Հայաստանի մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի հանրային կապերի մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։
Այս մասին հունվարի 9-ին թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։
Ղարիբյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը:
«Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձինք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»,- նշել է փոխնախարարը։
Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել Դավթյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար։
Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1993 թվականից։