Արցախի հանրային հեռուստաալիքը Ադրբեջանում հեռարձակվում է արբանյակով. Ադրբեջանում մտահոգ են
Արցախի հանրային հեռուստաալիքը ներառվել է Intelsat 33e արբանյակի հեռարձակած հեռուստաալիքների ցանկում․ այս մասին իմացել են Ադրբեջանում, և հիմա միջոցներ են փնտրում արցախյան իշխանությունների ձեռնարկը խափանելու համար։ Հիմնական մտահոգությունները հայտնում է ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը։
Ադրբեջանցիներն արդեն բացահայտել են, որ այս արբանյակի հեռարձակումը կարելի է դիտել Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի երկրների մի մասից, իսկ կաբելային հեռարձակմամբ՝ արդեն ամբողջ աշխարհում։ Կայքը միաժամանակ հիշեցնում է, որ այդ արբանյակը միակը չէ, և դրա սեփականատեր Intelsat ընկերությունը միանգամից 50 արբանյակ ունի տիեզերքում, ինչը կարող է դժվարություններ առաջացնել իրենց համար։
Ադրբեջանական կողմի նման հիստերիկ պահվածքը պայմանավորված է նրանով, որ նրանք իրենց հեռուստաալիքներով արբանյակային ու կաբելային հեռարձակմամբ (նույնիսկ հայերենով) տարածում են իրենց ձեռնտու տեղեկություններ՝ մասնավորապես Արցախյան հակամարտության վերաբերյալ, ու հայկական կողմի տեսակետների ներկայացումը կարող է խոչընդոտել նրանց միակողմանի շահերի առաջ մղելուն։