Ադրբեջանցիները մտադիր են բողոքի ցույց անել Բեռլինում
Գերմանիայում բնակվող ադրբեջանցիները Բաքվի իշխանություններից պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ու դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր մամուլը։
Նրանց պահանջների մեջ մտնում է նաև մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջը, սակայն առաջնահերթությունը նրանք տալիս են Հուսեյնովին, քանի որ բողոքողների տեղեկություններով՝ բանտում Հուսեյնովի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, նրան նաև նոր կեղծ մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ բանտարկյալը բռնություն է գործադրել բանտապահներից մեկի նկատմամբ։ Այս մեղադրանքի հաստատման դեպքում քաղբանտարկյալին ազատությունից կզրկեն ևս 7 տարով։
Հուսեյնովի ազատ արձակման համար ներկայում Ադրբեջանում զանգվածային բողոք է հասունանում։ Սոցցանցերում մեծ թվով գրառում-պահանջներ են հայտնվում, որոնք կարծես դուրս են եկել ադրբեջանական իշխանությունների վերահսկողությունից։