Շոյված եմ, երբեք չեն զանգել և բողոքներիս համար ներողություն չեն խնդրել. Սարգիս Գրիգորյան (լուսանկարներ)
Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան ուղիղ կապի միջոցով շնորհակալություն է հայտնում Աջափնյակի թաղապետարանին՝ իր բողոքին արագ արձագանքելու համար:
«Այն աղբը, որը հավաքված էր Աջափնյակի 16 թաղամասի մեր շենքի բակում արդեն սարսափելի չափերի էր հասնում: Բարեբախտաբար ինձ առավոտյան զանգահարեցին թաղապետարանից և ասեցին, որ հարցը լուծվում է: Ես շոյված եմ, ինձ երբեք չեն զանգել և իմ բողոքների համար ներողություն չեն խնդրել, սա արդեն լուրջ քայլ է: Իմ խոսքը տեղ հասավ»,-ասաց դերասանը և շնորհակալություն հայտնեց արագ արձագանքելու համար:
Ըստ Սարգիս Գրիգորյանի՝ բոլոր դեպքերում էլ կարելի է հաջողության հասնել միայն խնդիրները բարձրաձայնելու արդյունքում. «Միայն այդպես կկարողանանք ստեղծել այն երկիրը, որի մասին երազել ենք»:
Նշենք, որ դերասանն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել հետևյալ գրառմամբ. «Սա 19 շենքի աղբնա, որ իր բուրմունքով «կրկնապատկում է» մեր տոնական տրամադրությունը»: Տեսնելով, որ խցանված է շենքի աղբատար խողովակը և հսկայական չափերի հասնող աղբ է կուտակված Սարգիս Գրիգորյանը լուսանկարներ էր հրապարակել իր էջում և Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում:
Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի էջից
Սակայն երեկ՝ հունվարի 8-ին, Սարգիս Գրիգորյանը ուղիղ հեռարձակմամբ վրդովված պատմում էր ոչ թե Աջափնյակի 16 թաղամասի 19 շենքի վատ սանիտարահիգիենիկ վիճակի ու կուտակված աղբի քանակի մասին, այլ մի շարք անձանց ագրեսիվ արձագանքն ու լուսանկարների տակ արված քննադատությունները:
Նրա խոսքով՝ նպատակը, միմիայն մարդկանց ուշադրությունը գրավելն է եղել, որպեսզի մաքրեն, սակայն, ինչպես դերասանն է պատմում, հրապարակումից հետո մեկնաբանություններում հանդիպել է ամենասարսափելի ու մառազմի հասնող քննադատությունների:
«Ժողովուրդ, ես սարսափում եմ, թե ինչեր էր գրված քոմենթներում, ամեն ինչ գրված էր, բացի նորմալ վերլուծությունից, մեկն ասում է՝ լավատես եղի. ի՞նչ լավատես, եթե դուռդ բացում ես, տանդ դեմը աղբ է, մյուսն ասում է՝ մի մեղադրեք մեր իշխանություններին, հիշեք անցյալը, հիշեք ձեզ ոնց էին կզցնում»,- պատմեց Սարգիս Գրիգորյանը: Վերջինս համոզմունք հայտնեց, որ պարտավոր էր ասել, և որ սա է նոր Հայաստանի հիմքը, եթե ինչ-որ խնդիր կա, պետք է բարձրաձայնել, արձագանքել. «Չխոսա՞մ, չասե՞մ, թողնենք նու՞յնը կրկնվի: Չպիտի՞ նկարեք, գրենք՝ չգրենք»: