Իրանի արտգործնախարարը ԵՄ երկրներին մեղադրել է ահաբեկիչներին քողարկելու մեջ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական հետախուզական ծառայությունների դեմ պատժամիջոցներն օրինականացնելու ԵՄ որոշման ֆոնին հայտարարել է, որ Թեհրանի հասցեին հնչեցված մեղադրանքները Եվրոպային չեն ազատում պատասխանատվությունից ահաբեկիչներին քողարկելու համար:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ը համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ սահմանված պատժամիջոցները՝ Եվրոպայի տարածքում սպանության նպատակով կազմակերպված դավադրության պատճառով:
«Եվրոպացիները, այդ թվում՝ Դանիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան, քողարկում են իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպությանը, որը 12 000 իրանցու է սպանել և խրախուսել է Սադդամ Հուսեյնի հանցագործություններն ընդդեմ իրաքցի քրդերի, ինչպես նաև այլ ահաբեկիչներին», - գրել է Զարիֆը Twitter-ում՝ հավելելով, որ մեղադրանքներն Իրանի դեմ չեն ազատում ԵՄ-ին պատասխանատվությունից:
Նիդեռլանդների իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանը ներգրավված է Նիդեռլանդների՝ իրանական ծագմամբ երկու քաղաքացու քաղաքական սպանության գործում:
Բացի դրանից, անցյալ տարվա նոյեմբերին Դանիան իր դեսպանին հետ էր կանչել Թեհրանից՝ պայմանավորված երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության մասին հաղորդումներով: