Չինաստանի մանկապարտեզներից մեկում դանակով երեխաների վրա հարձակված մարդը մահապատժի է ենթարկվել
Չինաստանի հարավում մանկապարտեզի վրա հարձակում գործած և 12 երեխայի դանակով վիրավորած տղամարդը մահապատժի է ենթարկվել, գրում է Reuters գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Չինաստանում դաժան հանցագործությունները հազվադեպ բնույթ են կրում, սակայն վերջին տարիներին դանակով ու կացնով հարձակումների մի շարք դեպքեր են գրանցվել, որոնցից շատերի թիրախը մանկահասակ երեխաներն են:
Հայտնի է, որ տղամարդը 2017թ.-ի հունվարին բանջարեղեն կտրատելու դանակով ներխուժել էր մանկապարտեզ, որպեսզի վրեժ լուծեր իր կյանքի ոչ ցանկալի ընթացքի և հարևանի հետ ունեցած վիճաբանության համար: Բարեբախտաբար, երեխաներից ոչ մեկը չի զոհվել:
Քին ազգանունով հանցագործի մահապատիժն ի կատար է ածվել երկու օր առաջ՝ Չինաստանի գերագույն դատարանի կողմից որոշումը հաստատվելուց հետո:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենաշատ մահապատիժներն իրականացվում են Չինաստանում՝ չնայած այն բանին, որ երկիրը փորձում է կրճատել տարեկան մահապատժի ենթարկվողների թիվը: Անցած տարվա դեկտեմբերին գերագույն դատարանի դատավորներից մեկը մահապատժին կողմ էր արտահայտվել՝ պատճառաբանելով, որ Չինաստանը չի կարող մահապատիժը վերացնել, քանի որ դա պատժի այդ ձևին հավանություն տվող հանրության շրջանում կարող է մեծ զայրույթ առաջացնել: