Լիբանանում Հայաստանի դեսպանը և պաշտպանության նախարարի ԺՊ-ն որոշել են ստեղծել 2 երկրների ռազմական համագործակցության համաձայնագիր
Հունվարի 2-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Յակուբ Սարաֆի հետ (Yaacoub Sarraf) հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանգամանալից անդրադարձ կատարվեց պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացիկ իրավիճակին և հեռանկարներին։
Երկու երկրներում կառավարությունների վերջնական ձևավորմանն ընդառաջ՝ որոշվեց ստեղծել ժամանակավոր հանձնախումբ՝ ՀՀ կառավարության և Լիբանանի կառավարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն աշխատանքային կարգով ամբողջականացնելու և հետևողականորեն կյանքի կոչելու նպատակով։
Լիբանանի պաշտպանության նախարարը հաջողություններ մաղթեց ՀՀ նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ՝ խոստանալով համակողմանի աջակցություն հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։