Հայտնի են «Ոսկե գլոբուս-2019»-ի հաղթողները (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվել են արևմտյան կինոաշխարհի մի շարք տաղանդավոր ներկայացուցիչներ:
Ինչպես նշում է USA Today-ը, «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Բոհեմյան ռապսոդիա»-ն: Ռեժիսոր Բրայան Սինգերի կենսագրական ֆիլմը նվիրված է լեգենդար Queen ռոք խմբին: Նույն անվանակարգում էին ներկայացված նաև «Աստղ է ծնվել», «Սև հովազ», «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» և «Կլանի սև անդամը» ֆիլմերը:
Մինչդեռ լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել «Բոհեմյան ռապսոդիա»-ում ռոք երաժիշտ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի համար:
Գլեն Քլոուզը ճանաչվել է լավագույն դրամատիկ դերասանուհի («Կինը» ֆիլմ): Տվյալ անվանակարգում նրա մրցակիցներն էին Նիքոլ Քիդմանը, Լեդի Գագան, Մելիսա Մաքքարտին, Ռոզամունդ Փայքը:
«Լավագույն երգիծական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»:
«Երգիծական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Կրիստիան Բեյլը, որը «Փոխնախագահ» ֆիլմում մարմնավորել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիին:
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ռոմա»-ն: