Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ
Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել:
Հայտնի է, որ ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ ու մտադիր են դեպի Ազգային ժողովի շենք գնալ:
Հունվարի 5-ին Ֆրանսիայում վերսկսել են «դեղին անթև բաճկոնների» բողոքի նոր ակցիաները. ցուցարարները կրկին փողոցներ են դուրս եկել՝ սկսելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության դեմ ուղղված բողոքի «8-րդ ալիքը»: Ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն Փարիզում, այլև մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում և Թուլուզում:
Շարժման ղեկավարները ցուցարարներին կոչ են արել փողոցներ դուրս գալ առանց արդեն խորհրդանշական դարձած դեղին անթև բաճկոնների, որպեսզի ավելի քիչ ուշադրություն գրավեն:
Նշվում է, որ Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ, ի տարբերություն նախորդ շաբաթների, այսօրվա ցույցերի ընթացքում ջրցան մեքենաներ ու զրահապատ մեքենաներ չեն կիրառվի:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: