Քուրդ զինյալները հարձակում են գործել Իգդիրում թուրքական զինվորական զորամասի վրա, կա զոհ և վիրավորներ
Թուրքիայի տարածքում գտնվող Իգդիր նահանգում հարձակում է տեղի ունեցել տեղի զինվորական զորամասերից մեկի վրա, մահացել է մեկ զինվորական, վիրավորվել են երկուսը, այս մասին տեղեկացնում է gazeteduvar.com.tr կայքը:
Հայտնի է, որ զորամասի վրա հարձակում է գործել Իրանի սահմանի կողմից մոտեցող անհայտ մի խումբ, որոնք կրակ են բացել զինվորնորի ուղղությամբ:
Ըստ լրատվամիջոցների՝ հարձակվողները «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) խմբավորման անդամներ են եղել: Նշվում է, որ նրանք հասցրել են փախուստի դիմել:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: