Ի՞նչ ֆիլմեր դիտել տոներին (լուսանկարներ)
Երբ փողոցներում արդեն վառվում են հազարավոր լույսեր, խանութներում տոնական եռուզեռ է, իսկ տունը շուտով կլցվի կարկանդակների և տաք շոկոլադի անուշ բույրով, նշանակում է, որ սա տարվա լավագույն ժամանակն է: Իսկ եթե ցանկանում եք ստեղծել ընտանեկան ջերմ կինեմատոգրաֆիական մթնոլորտ: Ներկայացնում ենք 10 լավագույն ամանորյա ֆիլմերը:
«Ֆրեդ Կլաուս» (Fred Claus)
Ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Դևիդ Դոբկինի ամերիկյան ամանորյա կինոկատակերգությունը պատմում է Սանտայի եղբոր՝ Ֆրեդ Կլաուսի մասին: Ֆրեդը (Վինս Վոն) մեծանում է իր եղբոր՝ Նիքի (Փոլ Ջամատի) սուրբ ստվերում, և ի վերջո, կորցնում է հավատը Սուրբ Ծնունդի նկատմամբ:
Մի օր դեկտեմբերին Ֆրեդը թռչում է Հյուսիսային բևեռ և հայտնաբերում է, որ Նիքը վտանգի մեջ է, քանի որ արդյունավետության փորձագետը որոշում է մշտապես վերացնել Սուրբ Ծնունդը:
Ֆրեդը փրկում է Սուրբ Ծնունդը և իր համար վերականգնում ընտանիքի համը:
«Էլֆ» (Elf)
Ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջոն Ֆավրոյի ընտանեկան կատակերգությունը պատմում է մի երեխայի մասին, ով Ամանորին հայտնվում է Սանտա Կլաուսի նվերների պարկի մեջ և վերջինիս հետ ուղևորվում է դեպի հեռավոր Հյուսիսային բևեռ:
Էլֆերը նրան իրենց ընտանիք են ընդունում և սկսում են Բադդի (Ուիլ Ֆերրել) կոչել: Սակայն Բադդին չափազանց բարձրահասակ է և տեսանելի՝ իսկական էլֆ դառնալու համար…
«Հրաշք 34-րդ փողոցում» (Miracle on 34th Street)
Ամերիկացի կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր Լես Մեյֆիլդի կողմից 1994 թվականին նկարահանված «Հրաշք 34-րդ փողոցում» ընտանեկան ֆիլմը համանուն դասական ֆիլմի ռիմեյքն է:
Փոքր երեխաներն անկեղծորեն հավատում են հրաշքներին և միշտ անհամբերությամբ սպասում են Ամանորին: Իսկ 6-ամյա Սյուզանը (Մարա Ուիլսոն), ով հայր չունի, չի հավատում, որ Ձմեռ պապն իսկական հրաշագործ է: Եվ չնայած Սյուզանը, ինչպես բոլոր երեխաները, իր ամանորյա ցուցակն է կազմում, նա վստահ է, որ չի ստանա իր համար ամենից շատ ցանկալի նվերները. նոր տուն, հայրիկ և փոքր եղբայր: Սակայն գլխավոր հրաշքը դեռ տեղի է ունենալու…
«Սուրբ Ծննդյան պատմություն» (A Christmas Carol)
Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբերտ Զեմեկիսի ֆիլմը պատմում է դաժան ծերունի Էբենեզեր Սքրուջի (Ջիմ Քերրի) մասին: Պարոն Սքրուջն իր ամբողջ կյանքը նվիրել է հարստության կուտակմանը: Նա արհամարհում է ամեն ինչ, բացառությամբ փողի, այդ թվում` ընկերությունը, սերն ու ամանորյա տոները:
«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» (Bridget Jones’s Diary)
2001 թվականին բրիտանացի կինոռեժիսոր Շերոն Մագուայրի կողմից նկարահանված ֆիլմը, որի հիմքում ընկած է Հելեն Ֆիլդինգի գիրքը, պատմում է Բրիջիթ Ջոնսի (Ռենե Զելվեգեր) մասին, ով վերջապես որոշում է նոր կյանք սկսել: Նա արդեն երեսուն տարեկան է, բայց ունի բազմաթիվ վնասակար սովորություններ և ավելորդ կիլոգրամներ: Բայց ամենակարևորն այն է, որ նա միայնակ է…