Մեծանուն հայեր, որոնց կորցրինք 2018-ին
2018 թվականին հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց մշակույթի, արվեստի ու սպորտի հանրահայտ գործիչների, որոնք հավերժ կմնան սերունդների հիշողության մեջ: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ հիշելով 2018-ին կյանքից հեռացած հայտնի հայերին:
Ալբերտ Մկրտչյան
Փետրվարի 28-ին՝ իր 81-ամյա հոբելյանից մեկ օր անց, կյանքից հեռացավ կինոյի և թատրոնի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Հայ և խորհրդային ռեժիսորը նկարահանել է այնպիսի հայտնի ու սիրված ֆիլմեր, որոնցից են «Խոշոր շահումը» (1980), «Հին օրերի երգը» (1982), «Մեր մանկության տանգոն» (1985), որոնցում գլխավոր դերակատարմամբ հանդես է եկել նրա եղբայրը՝ Մհեր Մկրտչյանը:
Նիկոլայ Նիկողոսյան
Օգոստոսի 10-ին Մոսկվայում կյանքի 100-րդ տարում մահացել է քանդակագործ և գեղանկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը: Ծնված լինելով Արմավիրի մարզում՝ Նիկողոսյանը զգալի ներդրում է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արվեստում: Նրա աշխատանքները զարդարում են Կուդրինսկայա հրապարակի բարձրահարկ շենքը, ինչպես նաև Վարշավայում Գիտության և մշակույթի պալատի ճակատամասը: Հայաստանում Նիկողոսյանը կանգնեցրել է Միքայել Նալբանդյանի, Ավետիք Իսահակյանի, Մովսես Խորենացու հուշարձանները: Նիկողոսյանի մահվան հաջորդ օրը կյանքից հեռացել է նրա կինը՝ Էթերին:
Շառլ Ազնավուր
Հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի իր տանը մահացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Երգչի հոգեհանգիստը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը, որտեղ հրաժեշտ են տալիս բացառիկ ճանաչում ունեցող ֆրանսիացիներին: Աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակը հարգել են աշխարհի տարբեր երկրներում:
Յուրի Վարդանյան
Կյանքի 63-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է լեգենդար խորհրդային մարզիկ Յուրի Վարդանյանը: Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ 1980-ին Վարդանյանին հաջողվել է երկու վարժության հանրագումարում 400 կգ բարձրացնել՝ հինգ համաշխարհային ռեկորդ սահմանելով:
2018-ին կյանքից հեռացել են նաև հայ և խորհրդային էստրադային երգչուհի Նադեժդա Սարգսյանն ու «Արարատ-73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: