Ուշ գիշերով սխալմամբ մտել եմ ուրիշի տուն ու գիշերել այնտեղ. բլից հարցում զինվորի հետ (տեսանյութ և լուսանկարներ)
Հաշված ժամեր անց տոնական զանգերը կհուշեն, որ մուտ ենք գործում 2019 թվական: Մարդկանց մի մասը Ամանորը կնշի ընտանիքի, հետ, մի մասը կճանապարհորդի, իսկ զինվորը, ինչպես միշտ, ամուր կպահի մեր սահմաններն ու կապահովի տոնական օրերի մեր անվտանգությունը: Operativ.am-ը տոներին ընդառաջ բլից հարցում է արել սյունեցի երգիչ Պավել Մելքումյանի հետ, ով ծառայում է հայոց բանակում և պարզել, թե ինչպես է նա պատրաստվում դիմավորել Նոր տարին,ինչ ցանկություններ ու երազանքներ ունի:
-Սիրո՞ւմ եք Ամանորը, և ինչո՞ւ:
-Սիրում եմ ամանորը, քանի որ դա երևի տարվա միակ օրն է, երբ աշխարհի բոլոր մարդիկ ժպտում եմ և մի պահ, կարծես կտրվում են առօրյա հոգսերից:
-Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:
Այս տարի ևս, Ամանորին տանը կլինեմ, ընտանիքիս անդամների հետ, քանի որ Պաշտպանության նախարարությունը անակնկալ մատուցեց, և արձակուրդ տրամադրեց, ինչի համար շնորհակալ եմ:
-Ի՞նչ եք անում 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:
-12-ը զարկելուց 10 րոպե առաջ սկսում եմ վերհիշել, թե ինչ եմ արել և ինչ եմ բաց թողել այս տարի, որոշ բաների համար ափսոսում, իսկ որոշների համար՝ հպարտանում:
-Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:
-Երևի ձյունը , քանի որ նա ճերմակ է, մաքուր և կարծես կյանքի նոր էջ է բացում, որի վրա չպետք է հետքեր թողնել:
-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:
-Ինչպես հայերի մեծամասնությունը, ես նույնպես, շատ եմ սիրում խորոված:
-Ամենասիրելի պահը` Ամանորի հետ կապված:
-Երբ կա տաք տուն, համեղ ուտեստներ, նրա շուրջը քեզ հարազատ մարդիկ, ովքեր ժպտում են և իրենց ժպիտով քեզ մեծ եռանդով լցնում:
-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:
-Ամանորի սեղանը չեմ պատկերացնում առանց տոնական աղցանների:
-Ամանորի ամենասպասված նվերը:
-Բոլոր նվերներն էլ ցանկալի են, բայց շատ կարևոր է դրա մեջ դրված հոգին:
-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որևէ մեկի տուն այցելելիս:
-Ոչ միայն ամանորյա այլև ընդհանրապես նվերներ ընտրելիս, աշխատում եմ ընտրել այնպիսի նվերներ, որոնք մնայուն են և որոնց նայելիս ստացողը միշտ կհիշի ինձ և այդ օրը:
-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։
-Ամենաշստը սիրում եմ , երբ սեղանին լինում է հայկական պասուց տոլմա, իսկ չեմ սիրում, երբ Ամանորին գրեթե ամեն օր հյուր ես գնում բոլորին: Ավելի լավ կլիներ՝ բոլորով միանգամից հավաքվել և մի լավ ուրախանալ:
-Ձմեռ պապ գոյություն ունի՞ ։
-Իհարկե գոյություն ունի, ուղղակի մի բայցով. յուրաքանչյուրս ունենք մեր Ձմեռ պապը, ով մեր բոլոր ցանկություններն իրագործում է: Դա մեր ծնողներն են:
-Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:
-Վերջին անգամ ձնեմարդ եմ պատրաստել անցած տարի սիրելիիս հետ:
-2019-ի Ձեր երազանքը:
- Ուզում եմ,որ 2019 ը մեծ հույսերով լցնի բոլորիս հոգիները և իրականան մեր փոքրիկ սրտերի մեծ երազանքները:
-Ո՞ր գույնը կասոցացնեք Ամանորի հետ։
-Սպիտակը , որը պարզության և մաքրության խորհրդանիշն է:
-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:
-Զավեշտալի իրավիճակներ շատ են եղել, բայց ամենազավեշտալին այն է, երբ գիշերը ուշ, մի քիչ խմած եկել էի տուն,և ,սխալմամբ, մտել հարևանի տուն և գիշերել այնտեղ:
-Կուզեիք, որ այս պահին…
-Կուզեի որ այս պահին մի հրաշք կատարվեր եվ աշխարհի բոլոր հիվանդ մանուկները առողջանային, անբուժելի հիվանդությունները բուժելի դառնային, պատերազմները վերանային և բոլոր մարդիկ գեղեցիկ ժպտային:
-Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ:
-Թե ինչ էի ցանկացել 2018-ից թող մնա գաղտնիք, բայց կասեմ, որ ինչ ցանկացել էի կատարվել է:
-Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:
-Բոլորին մաղթում եմ քաջառողջություն, սահմաններին՝ խաղաղություն: