Պուտինը ժամանել է Մագնիտոգորսկ, որտեղ հզոր պայթյունի հետևանքով բազմաբնակարան շենք է փլուզվել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մագնիտոգորսկ քաղաք, որտեղ լույս դեկտեմբերի 31-ի գիշերը հզոր պայթյուն է տեղի ունեցել բազմաբնակարան շենքում:
Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, նախագահը պատրաստվում է հանդիպել տուժածներին ու Չելյաբինսկի մարզի իշխանություններին:
Ըստ թարմ տվյալների՝ զոհերի թիվը հասել է չորսի: Փլատակներում շարունակում է արգելափակված մնալ մոտ 70 մարդ:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է միայն գազի արտահոսքը, մյուս վարկածները չեն քննարկվում:
Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ:
Պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 196 մարդ, 58 միավոր տեխնիկա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկանալով միջադեպի մասին, կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին ու զոհերի հարազատներին:
Չելյաբինսկի նահանգապետ Բորիս Դուբրովսկին տեղեկացրել է, որ վնասված շենքի բնակիչներին ժամանակավոր ապաստարան կտրամադրվի:
ՌԴ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ գործ է հարուցել: