Մերկելը Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Սիրիայի հարցում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Բանակցությունների կենտրոնում Սիրիայում տիրող իրավիճակն է եղել:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Մարտինա Ֆիտցին, երկու առաջնորդն էլ ընդգծել են ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական գործընթացի կարևորությունը Սիրիայի հակամարտության կարգավորման գործում:
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է նշանակալի վտանգ ներկայացնել, ինչը հետագա ուշադրության կարիք ունի:
«Կանցլերն ընդգծել է Թուրքիայի դերը, հատկապես սիրիացի փախստականներին ընդունելու հարցում և հույս հայտնել, որ Թուրքիան կարձագանքի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերմանը՝ զսպվածություն պահպանելով և գիտակցելով պատասխանատվությունը», - ընդգծել է Ֆիտցը:
Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին հայտարարությունից հետո Թուրքիան անցել է սիրիացի քրդերի դեմ նոր ռազմական արշավի նախապատրաստմանը: