ԱՄՆ-ում մերկասառույցի և չափազանց շատ տեղումների պատճառով 7 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում անբարենպաստ եղանակի պատճառով առնվազն 7 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է DW.com-ը, նրանց մի մասը ՃՏՊ-ի զոհ է դարձել, որոնք տեղի են ունեցել մերկասառույցի և չափազանց շատ տեղումների պատճառով:
Բացի այդ, ԱՄՆ արևելյան Թենեսի նահանգում ջուրը քշել-տարել է զբոսաշրջային արշավի 30-ամյա մասնակցուհուն, երբ վերջինս անցնելիս է եղել գետով: Լուիզիանայում 58-ամյա կին է զոհվել, երբ կայծակի հարվածից նրա տան վրա ծառ է ընկել:
Վերջին մի քանի օրում Միացյալ Նահանգների հյուսիսային և արևմտյան շրջաններում մինչև 30 սմ ձյուն է տեղացել: Դեկտեմբերի 27-ից երկրում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել, հազարավոր չվերթներ հետաձգվել են: Քամիների և առատ տեղումների պատճառով փակ են ավտոմայրուղիները մի շարք նահանգներում, ինչպես օրինակ՝ Հյուսիսային Դակոտայում, Հարավային Դակոտայում, Մինեսոտայում, Կանզասում և Այովայում:
Երկրի հարավարևելյան շրջանում սպասվում են հորդառատ անձրևներ, որոնք կարող են ջրհեղեղներ առաջացնել: Օդերևութաբանները նախազգուշացնում են ուժեղ ձնաբքերի մասին նաև երկրի այլ հատվածներում: