ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային համաձայնագիրը ուղղված կլինի արտահանումների ծավալին ու պահանջներին
ԱՄՆ-ը և Չինաստանն արդեն սկսել են միջազգային առևտրային գործարքի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը, որի աղբյուրների տվյալներով՝ երկու երկրի միջև կնքվելիք համաձայնագիրը կանդրադառնա ԱՄՆ արտահանումների ծավալի մեծացմանը և պահանջների մեղմացմանը, որոնք լրջորեն բարդացնում են ամերիկյան ընկերությունների աշխատանքը Չինաստանում:
Չինական կողմը հայտարարել է ամերիկյան ընկերություններին ֆինանսական ծառայությունների և տնտեսության մյուս հատվածներին առավել լայն հասանելիություն ապահովելու պատրաստակամության մասին:
Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում հույս ունեն երաշխիքներ ստանալ առ այն, որ Պեկինը չի օգտվի այլ միջոցներից արտասահմանյան ընկերությունների աշխատանքներին խոչընդոտելու համար, հատուկ կերպով չի երկարաձգի արտոնագրերի տրամադրման գործընթացը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը մտադիր էր հունվարի 1-ից բարձրացնել չինական ապրանքների ներկրման համար սեպտեմբերին սահմանված մաքսատուրքերը՝ 10-ից հասցնելով 25 տոկոսի: Սակայն դեկտեմբերին G20-ի շրջանակներում Արգենտինայում ԱՄՆ և Չինաստանի առաջնորդները պայմանավորվել են 90 օրով հետաձգել մաքսատուրքերի բարձրացումը և լրացուցիչ բանակցություններ անցկացնել, որոնք, ինչպես ակնկալվում է, տեղի կունենան հունվարին Պեկինում: