Սահմանին երեխաների կամ այլ մարդկանց յուրաքանչյուր մահվան մեղավորը միանշանակ դեմոկրատներն են. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմոկրատ հակառակորդներին մեղադրել է այնպիսի պայմանների ստեղծման համար, որոնք հանգեցրել են ներգաղթյալ երկու երեխայի մահվան: Նախագահի կարծիքով՝ դեկտեմբերին ներգաղթյալների ժամանակավոր կացարաններում երկու գվատեմալացի երեխաների մահվան համար մեղավոր են Դեմոկրատական կուսակցության անդամներն ու նրանց վարած քաղաքականությունը:
«Սահմանին երեխաների կամ այլ մարդկանց յուրաքանչյուր մահվան մեղավորը միանշանակ դեմոկրատներն են և նրանց խղճուկ իմիգրացիոն քաղաքականությանը, որը թույլ է տալիս մարդկանց երկար ճանապարհ կտրել՝ կարծելով, որ կարող են անօրինական ճանապարհով մուտք գործել մեր երկիր: Նրանք չեն կարող: Եթե մենք պատ ունենայինք, նրանք անգամ չէին էլ փորձի», - գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:
«Երեխաները շատ հիվանդ էին դեռ մինչ նրանց սահմանապահներին հանձնելը: Աղջնակի հայրն ասել է, որ դա նրանց (սահմանապահների – Tert.am) մեղքը չէ. նա մի քանի օր նրան ջուր չէր տվել: Սահմանապահներին պատ է հարկավոր, և ամեն ինչ կավարտվի: Նրանք այնքան շատ են աշխատում, սակայն այնքան քիչ երախտագիտություն են ստանում», - հավելել է նախագահը: