Ռուսաստանն արգելք է սահմանել Ուկրաինայից մի շարք ապրանքների ներկրմանը
Ռուսաստան արգելք է սահմանել Ուկրաինայից մի շարք պարենային ապրանքների և հումքի ներկրման համար: BBC-ի փոխանցմամբ՝ արգելված ապրանքների ցանկում ընդգրկվել են, մասնավորապես, գարեջուրը, բանջարեղենը, մրգերը և քաղցրավենիքը:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում: «Ռուսաստանն արգելք է սահմանում մի շարք ուկրաինական ապրանքների համար: Սա պատասխան միջոց է Ուկրաինայի կողմից պատժամիջոցային սահմանափակումներին: Ստորագրվել է համապատասխան բանաձև»,- իր թվիթերյան էջում գրել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Հրապարակված փաստաթղթում նշված ցանկում սննդամթերքից ընդգրկվել են հացահատիկը, ձուկը և թառափի խավիարը, շոկոլադը, հացը, հրուշակեղենը, մրգեր, բանջարեղեն, ընդեղեն, ջեմը, գարեջուրը, գինին և այլ ոգելից ըմպելիքներ:
Բացի այդ, Ռուսաստանն արգելել է ուկրաինական լվացող միջոցների, պաստառների, գյուղատնտեսական սարքավորումների, ինչպես նաև մանկական տակդիրների ներկրումը: