Ուկրաինայի նախագահը ստորագրել է ծովային գոտու ընդլայնման մասին օրենքը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել Ուկրաինայի հարակից ծովային գոտու ռեժիմի և իրավարար կարգավիճակի մասին: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի կայքը:
Ուկրաինայի Գերագույն Ռադան դեկտեմբերի 6-ին ընդունել է «Ուկրաինայի հարակից գոտու» մասին օրինագիծը, որի համաձայն՝ վերահսկվող ծովային տարածքն ընդլայնվում է 12 ծովային մղոնով՝ հասնելով 24-ի: Ինչպես ընդգծել են երկրի խորհրդարանում, փաստաթուղթը թույլ կտա ուժեղացնել սահմանապահ ծառայության վերահսկիչ գործառույթները՝ հնարավորություն տալով պահպանություն իրականացնել ափամերձ գոտում:
Բացի այդ, օրենքը սահմանապահներին ընդլայնված լիազորություններ կընձեռի հարակից գոտում ձկնորսական նավերում ստուգումներ անցկացնելու համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 8-ին օրենքի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ դրա դրույթները չեն կարող կիրառվել Կերչի նեղուցի և Ազովի ծովի ջրային տարածքներում: