Թրամփն Աֆղանստանից ամերիկյան զորք դուրս բերելու հրաման չի տվել
ԱՄՆ նախագահականի ներկայացուցիչ Գարրեթ Մարքիսը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե երկրի նախագահը հրամայել է մի քանի շաբաթվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել ամերիկյան զորքերը։ Այս կեղծ լուրը հետևել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման իրական տեղեկություններին։
Նախագահ Թրամփը, ըստ Մարքիսի, որևէ հրաման չի արձակել ո՛չ Աֆղանստանում իրենց ներկայությունը կրճատելու, ո՛չ էլ զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը վերջնական որոշում չի ընդունել Աֆղանստանում ամերիկյան ներկայության վերաբերյալ։
Մինչ այդ լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ ամերիկյան կողմը պատրաստվում է Աֆղանստանից դուրս բերել իր զորքերի մեծ մասը՝ մոտ 7000 զինծառայողի։ Նրանք ներկայում այնտեղ են տեղական ոստիկանական ու անվտանգության ուժերին աջակցելու նպատակով, քանի որ երկրի զգալի մասը շարունակում է մնալ ահաբեկչական համարվող «Թալիբան» խմբավորման վերահսկողության տակ։