Սիրիան լքող ամերիկյան զորքը կարող է զենքը քրդերին թողնել
Պենտագոնում պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել, որ ամերիկյան զորքը Սիրիան լքելուց առաջ զենքը թողնի քրդերին, գրում է Reuters գործակալությունը:
Խոսքը, ի թիվս այլնի, զրահապատ մեքենաների և հակատանկային հրթիռների մասին է: Հարցի դրական լուծման դեպքում դա կարող է Թուրքիայի զայրույթն առաջացնել, որը քրդական շարժումն ահաբեկչական է համարում և վախենում դրա հզորացումից:
Ավելի ուշ ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը տեղին չի համարել Սիրիայից ԱՄՆ զորակազմի դուրս գալուց հետո ամերիկյան զենքի գտնվելու վայրի կամ տեղափոխման վերաբերյալ որևէ տեղեկության հաղորդումը:
Դեկտեմբերի 28-ին քրդական ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Ջեյհան Ահմեդը հայտարարել էր, որ քրդերը պայմանավորվել են սիրիական բանակի հետ երկրի հյուսիս՝ ներառյալ Եփրատ գետի արևելյան ափ զորք մտցնելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» «Թուրքիայի ճանապարհը փակելու» նպատակով համագործակցում են պաշտոնական Դամասկոսի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման մասին: Ավելի ուշ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մնացորդների մասին պետք է հոգան տարածաշրջանի երկրները՝ նկատի ունենալով նաև Թուրքիան: