Աբու Դաբիում անցկացվող փառատոնում Ադրբեջանն իր տաղավարը ներկայացրել է արցախյան «Պապիկ-տատիկ» հուշարձանի տեսքով
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում քաղաքի նախկին էմիր և Էմիրությունների նախկին նախագահ շեյխ Զայդ իբն Սուլթանի պատվին անցկացվում է պատմամշակութային ժառանգությանը նվիրված ամենամյա փառատոնը:
Ինչպես նշում է arcakh24.info կայքը, փառատոնում Ադրբեջանն իր տաղավարը ներկայացրել է արցախյան հանրահայտ «Մենք ենք, մեր սարերը», կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Պապիկ-տատիկ» հուշարձանի տեսքով:
Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հուշարձանը, որը կանգնեցվել է 1967 թվականին բլրի գագաթին, իր գոյության տարիների ընթացքում դարձել է Արցախի այցետոմսն ու խորհրդանիշը:
Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։