Սիրիական բանակը Մանբիջը կվերահսկի քրդերի հետ
Սիրիական բանակի ծառայողները շուտով վերահսկողության տակ կառնեն Մանբիջը՝ «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» քուրդ մարտիկների հետ: Այս մասին հաղորդում է Al-Masdar-ը:
Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ տեղի բնակիչները ողջունել են Մանբիջի և դրա շրջակայքի փոխանցումը Սիրիայի իշխանությունների հսկողությանը, բարձրացվել է սիրիական դրոշը:
Ավելի վաղ, Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտնել էր, որ Սիրիայի զորքերը վերահսկողության տակ են առել Հալեպի 85 կմ դեպի հյուսիս գտնվող տարածքը: «Սիրիայի արաբական բանակի զինվորները մտել են Մանբիջ` ի պատասխան բնակչության կոչի, ինչպես նաեւ երկրի ամբողջ տարածքի վրա պետական ինքնիշխանության վերականգնման իրենց պարտականությունների համաձայն», – հաղորդում է ՍԱՆԱ-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 19-ին հրապարակած որոշումից հետո սկսվել է ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից։ Թուրքիան սկսել է նախապատրաստական աշխատանքներ կատարել՝ քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողությունների համար: