Թրամփն սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատները հրաժարվեն պաշտպանել պատի նախագիծը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը հարկադրված կլինի փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատ կոնգրեսականները հավանություն չտան սահմանային պարսպի նախագիծի ֆինանսավորմանը։ Հաղորդում է Интерфакс-ը:
«Մեզ կստիպեն ամբողջովին փակել հարավային սահմանը, եթե օբստրուկցիոնիստ դեմոկրատները մեզ փող չտան ավարտելու պատի կառուցումը եւ փոխելու ծիծաղելի ներգաղթային օրենքները, որոնք բարդել են մեր երկրի վրա»,-գրել է Թրամփը Twitter-ում:
«Դժվար է հավատալ, որ կարող են լինել այնպիսի Կոնգրես ու նախագահ, որոնք հավանություն կտային նման օրենքներին»,-նշել է նա:
Թրամփը պատրաստվում է արգելապատ կանգնեցնել Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի լուծի անօրինական գաղթի խնդիրը: Այդ օբյեկտի կառուցման համար բյուջեից պահանջվում է 5,7 մլրդ դոլար, սակայն ԱՄՆ-ի Սենատը հրաժարվել է բյուջեն հաստատել արգելապատի կառուցման ծախսերի հաշվառմամբ: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահն իրականացրել է կառավարության աշխատանքի մասնակի կասեցման սպառնալիքը, եթե ինքը չհասնի Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման հավանությանը:
ԱՄՆ-ի ֆեդերալ հիմնարկությունների մի մասի աշխատանքը կասեցված է դեկտեմբերի 22-ից: Սպիտակ տանը չեն բացառել, որ նման «շաթդաունը» կարող է շարունակվել առնվազն մինչեւ հունվարի 3-ը, երբ աշխատանքը կսկսի նոր գումարման Կոնգրեսը: