Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարն առաջարկում է սպասել Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացմանը
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիք Զուլֆուգարովն առաջարկում է սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը և դիմել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակին:
Նախկին նախարարը Minval.az-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանցի հանրության շրջանում պատրանքներ չկան, թե բանակցությունները որքանով հեռանկարային կլինեն: Կողմերի դիրքորոշումները հստակ են, և այդ դիրքորոշումների շրջանակում ոչ ոք միջին դիրքորոշման կամ փոխզիջումային լուծման մշակման հնարավորություն չի տեսնում:
«Որոշ տարբերություն կա Ադրբեջանի նախագահի և երկրի ԱԳ նախարարի բարձրաձայնածի միջև»: Նախագահն իր հայտարարության մեջ շեշտը դնում է այն բանի վրա, որ Հայաստանում փոփոխություններ են տեղի ունեցել, և հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընտրելով՝ ընտրություն է կատարել զարգացման արևմտամետ ուղղությամբ:
Իմ կարծիքով՝ սա հայերի ռացիոնալ դիրքորոշումն է՝ այն ենթատեքստում, որ ռուսական կողմը Հայաստանին ամեն ինչ տվել է, աջակցել է Ադրբեջանի օկուպացված տարածքների նկատմամբ բռնակցման քաղաքականությանը: Սակայն ռուսական գործընկերը Հայաստանին չի կարող զարգացում տալ: Քանի որ չկան անհրաժեշտ ներդրումներ, օգնություն և այլն: Ուստի հայ հասարակության Արևմուտքի օգտին ռացիոնալ ընտրությունը հիմնավորված է:
Կարծում եմ, որ սա վաղ թե ուշ կհանգեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելուն»,- կարծում է նախկին նախարարը: Նրա խոսքով՝ երբ համապատասխան պայմաններ ձևավորվեն, հավանաբար, այդ ժամանակ էլ «կկատարվեն մեր վճռական քայլերը»: